38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հյուրը՝ Տիգրան Մանսուրյանն էր

Հյուրը՝ Տիգրան Մանսուրյանն էր
20.04.2014 | 14:15

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տեսական բաժնի ուսուցչուհի Նաիրա Գրիգորյանի խոսքով, դպրոցը շատ կարևորում է երեխաների անմիջական շփումը մշակույթի հայտնի գործիչների հետ: Եվ ավանդության համաձայն, յուրաքանչյուր տարի, դպրոցն իր հարկի տակ հյուրընկալում է նրանցից մեկին, դառնում կամուրջ` աշակերտների և նշանավոր արվեստագետների միջև: Նման հանդիպումները, ըստ տիկին Գրիգորյանի, ոչ միայն ճանաչողական իմաստ ունեն, այլև կարևոր են երեխաների գեղագիտական դաստիարակության համար. «Միայն դասընթացներով չէ, որ երեխան պետք է սիրի և սովորի երաժշտությունը, նա պետք է նաև ճանաչի այն արվեստագետներին, որոնց ստեղծագործությունները կատարում է»,-ասում է Ն. Գրիգորյանը:

Դպրոցի պատվավոր հյուրն այս անգամ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ էր:
Հանդիպման ընթացքում երաժշտական դպրոցի աշակերտների կատարմամբ հնչեցին կոմպոզիտորի ստեղծագորություններից «Սոնատինի» առաջին մասը, «Սկերցոն»` ջութակի համար, «Առակ» ստեղծագործությունը` կլարնետի համար և այլ գործեր: Դպրոցի դասատու Արմինե Մկրտչյանը` «Մայրամուտի երգեր» շարքից կատարեց «Ա՜խ, ինձ ծլել չթողին», «Մայրամուտ Մասյաց գագաթին», «Գալու է աշունը դարձյալ» երգերը` գրված Համո Սահյանի խոսքերով:
Դպրոցի փոքրերի երգչախումբն էլ հիացրեց Տ.Մանսուրյանի «Խուտուտ-մուտուտ» երգով:
Տիգրան Մանսուրյանը, պատասխանելով դպրոցի աշակերտներ` Էրիկի և Էլինայի հարցերին, ասաց, որ մանուկ հասակում երբեք չի մտածել, թե մի օր կարող է նման մեծ պարգևների արժանանալ: «Այդ տարիքում ես միայն երազում էի երաժշտություն գրել, որը կլիներ ինձ համար ամենամեծ պարգևը»,- ասաց նա, հավելելով, որ իրենց տանը միայն հնչել է հայկական և դասական երաժշտություն, և այդ ժամանակ անսովոր լռություն է տիրել տանը: Նա նկատեց, որ այսօր համերգասրահներում, համերգի ժամանակ, մարդիկ շատ են զրուցում, հատկապես կանայք. «Այդ պահին երաժշտությունը արհամարհված է, դա անթույլատրելի է, երաժշտությանը հարգանքով պետք է վերաբերվել»:
Եթե ոսկե ձկնիկ բռներ մաեստրոն, ապա նրանից միայն մի բան կխնդրեր` որ մեր երկիրն ու ժողովուրդը կատարյալ ապահով լինեին, մարդիկ` բարի, չարություն և պահանջներ չունենային միմյանց նկատմամբ: Ընկերության մեջ կոմպոզիտորը ամենից շատ գնահատում է անկեղծությունն ու պարզությունը, մարդկային հատկանիշներից` խոնարհությունը: Նրա ձևակերպմամբ` «պատվանդանը» չպետք է փչացնի մարդկային հարաբերությունները, «որքան էլ մարդ բարձրանա, պետք է համեստ ու խոնարհ մնա: Հաճախ, երբ մարդը պատվանդանի վրա է, թվում է` այլևս հնարավոր չէ շփվել նրա հետ»: Մանսուրյանի ամենամեծ երազանքներից մեկը կրկին անգամ կնոջ ներկայությունը զգալն է, նրան կենդանի տեսնելը. «Եթե հնարավորություն ունենայի, կուզեի, որ կինս կողքիս լիներ»,- անթաքույց տխրությամբ ասաց նա: Հեքիաթներին Մանսուրյանը չի հավատում, թեև գիտի` «չարը ամեն օր կա և, բարին ամեն օր է հաղթում»:
Երեկոյի պատվավոր հյուրը հիշեց երիտասարդ տարիների իր ընկերներին: Նրա խոսքով, ինքը մտերիմ է եղել շատ հայտնի արվեստագետների` նկարիչների, գրողների, երաժիշտների հետ, որոնցից են Մինաս Ավետիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը,Մարտիրոս Սարյանը, Վարդան Աճեմյանը, Էլիբեկյանները». Երբ երիտասարդ էի, շատ ընկերներ ունեի, նրանց մեծամասնությունը արվեստագետներ ու նկարիչներ էին: 60-ականների սերունդ եմ ներկայացնում: Այն ժամանակ արվեստի ոլորտների միջև շատ սերտ կապ կար: Դա մի ընտանիք էր: Երբ դու մի քիչ «երևացող էիր», անմիջապես քեզ ընդունում էին իրենց ընտանիք»,- պատմում էր անվանի կոմպոզիտորը` միևնույն ժամանակ խոստովանելով, որ ամենից շատ այսօր կցանկանար տեսնել Չարենցին և Կոմիտասին:
Երեկոյի ավարտին մաեստրոն կատարեց իր ստեղծագործություններից ամենասիրվածը` «Կտոր մը երկինքը»` արժանանալով ունկնդիրների մեծ հիացմունքին:
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը նույնպես կարևորում է նման հանդիպումների կազմակերպումը. «Այս երեխաները, մոտավորապես հիսուն կամ ութսուն տարի հետո, հպարտությամբ կպատմեն, որ բախտ են ունեցել լսելու, տեսնելու Տիգրան Մանսուրյանի պես մեծությանը: Այդ առումով, երեկոն մեծ տոն է նաև Մանսուրյանի համար, ով շրջապատված է այսքան մանուկների ջերմությամբ: Ես կարծում եմ՝ ցանկացած մարդ կերազեր լինել Տիգրան Մանսուրյանի փոխարեն»,- նշեց տնօրենը` համոզմունք հայտնելով, որ դպրոցի փոքրիկները միջոցառման շնորհիվ տուն կգնան սովորած, հագեցած, բավարարված, հիացած, և այսուհետ կապրեն և կշփվեն միմյանց հետ մի փոքր այլ կերպ՝ մանսուրյանական ոգով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 26985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ